29 փետրվարի 2020 - 11:44 AMT
Մարտի 1-ի երթը կմեկնարկի 18։00-ին

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը կմեկնարկի ժամը 18։00-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարտի 1-ին` ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,- գրել է Փաշինյանը։

Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի նախագծի վերաբերյալ։

2008 թվականից ի վեր ընդդիմությունն ամեն տարի մարտի 1-ին երթ է կազմակերպել ի հիշատակ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների: Երթն ավարտվում է Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ են դրվում զոհերի հիշատակին:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: