Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է դադարեցնել Իդլիբում սիրիացի զինվորներին աջակցությունը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան չի հասկանում՝ ինչ մտադրություն ունի ՌԴ-ն Սիրիայում: «Կոմերսանտի» փոխանցմամաբ՝ նա նաև հայտնել է, որ իրենք բացել են դեպի Եվրամիություն սահմանը փախստականների համար:
«Ես խնդրել եմ Պուտինին, որ Ռուսաստանը թուրք զինվորներին դեմ առ դեմ թողնի ռեժիմի հետ... Մենք չենք կարողանում հասկանալ՝ որն է Ռուսաստանի մտադրությունն այնտեղ»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիաի նախագահը նաև նշել է, որ իր երկիրն Իդլիբում կոնֆլիկտը որպես տարածքային ընդլայնման հնարավորություն չի դիտարկում. իրենք պարզապես ցանկանում են սահմանի երկայնքով «անվտանգության գոտի» ստեղծել:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան Սիրիա է մտել ոչ թե Ասադի, այլ սիրիացի ժողորվրդի հրավերով: Նա հայտարարել է մոտ 2100 սիրիացի զինվորի սպանության և մոտ 300 ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին, նշելով, որ իրենք կշարունակեն ոչնչացնել դրանք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբում ռազմական գործողությունների հետևանքով 33 թուրք զինվոր է սպանվել: Դրանից հետո Թուրքիան բացել էր սահմանը սիրիացի փախստականների համար: Հաղորդվում էր, որ մոտ 500 սիրիացիներ հատել են այդ երկրի սահմանը՝ ուղղվելով դեպի Հունաստան: