9 դեկտեմբերի 2008 - 18:12 AMT
Բակո Սահակյան. ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունն այլընտրանք չունեն
ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիներին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունում, Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի համար ամենախորհրդանշական օրերից մեկն է: 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը փաստացի ամրագրեց ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ստեղծելու իր կամքը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ 15 տարի անց, 2006 թվականի նույն օրը Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ազգովի արտահայտեց իր անկախ պետականությունը էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու վճռականությունը` համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով երկրի գլխավոր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը: Այն դարձավ ժողովրդավարական պետություն կառուցելու, միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ լինելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու մեր պետական քաղաքականության անշրջելիության վկայությունը:

Երկրի մայր օրենքը անկախ պետականության կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է, որը երաշխավորում է մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, կարգավորում պետության ներքին կյանքը, նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հանդիսանում է մի յուրահատուկ կամուրջ երկրի եւ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ: ԼՂՀ Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ Արցախի անկախությունն ու անվտանգ գոյատեւումը այլընտրանք չունեն:

Բարեկամներ, կրկին անգամ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի առթիվ եւ ի սրտե մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն:
Ամենայն բարիք ձեզ բոլորիդ»:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ անկախության մասին հանրաքվեին մասնակցել է 108 հազար 736 մարդ 132 հազար 328 ձայնի իրավունք ունեցողներից: Ընտրություններին մասնակցածների 99,89% դրական պատասխան տվեցին քվեաթերթիկներում պարունակվող հարցին. «Համաձա՞յն եք արդյոք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն լինի եւ ինքնուրույն որոշի այլ պետությունների եւ հասարակությունների հետ համագործակցության ձեւերը»: