3 մարտի 2020 - 10:32 AMT
Ryanair-ը դեպի Իտալիա որոշ թռիչքներ կչեղարկի

Ryanair ավիաընկերությունը մտադիր է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները, սակայն Երևանից դեպի Հռոմ և Միլան ուղղություններին դա չի վերաբերում՝ չվերթները կշարունակվեն ըստ պլանավորվածի: Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում:

«Ryanair ավիաընկերությունը պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները մարտի 17-ից - ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են էլեկտրոնային փոստով»,- ասվում է գրառման մեջ:

Չնայած ավիաընկերությունում նշել են, որ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն, գրառման մեկնաբանություններում քաղաքացիները գրում են, որ արդեն Երևանից Հռոմ թռիչքի չեղարկման մասին նամակներ են ստացել: PanARMENIAN.Net-ը փորձում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ճշտել՝ արդյոք սկսել են չեղարկվել նաև այդ չվերթները:

Ryanair-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մարտին և ապրիլին թռիչքների ամրագրումների անկում է գրանցվել՝ հատկապես դեպի Իտալիա և այդ երկրից դուրս ուղղությամբ:

Երևանից դեպի դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի չվերթները մեկնարկել են 2020-ի հունվարից: