3 մարտի 2020 - 10:58 AMT
Մնացականյանը՝ Չավուշօղլուի խորհրդի մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը` «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո» խոսքերը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Թուրքիայի ԱԳ նախարարն ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ԼՂ կարգավորմանը՝ նշելով, որ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի այդ խնդրի լուծման ուղղությամբ:

Նա նշել է, որ Մինսկի խմբի այդ որոշումը պետք է ամբողջությամբ հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է: