ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դեր ունենալ։
Խոսնակը պատասխանել է հարցին, թե ինչպես ՀՀ ԱԳՆ-ն գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում, քանի որ մարտի 2-ին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
«Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»,- ասել է նա:
Թուրքիայի ԱԳ նախարարն ավելի վաղ անդրադարձել էր ԼՂ կարգավորմանը՝ նշելով, որ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի այդ խնդրի լուծման ուղղությամբ: Նա նշել էր, որ ՄԽ որոշումը պետք է ամբողջությամբ հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Ընթերցեք նաև. Մնացականյանը՝ Չավուշօղլուի խորհրդի մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»