4 մարտի 2020 - 10:40 AMT
Քաղավիացիա. Որոշ ավիաընկերություններ նվազեցրել կամ չեղարկել են չվերթները

Կորոնավիրուսի պատճառով որոշ ավիաընկերություններ որոշել են ժամանակավորապես նվազեցնել չվերթերի հաճախականությունը կամ չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը, հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

«Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլ.փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով:

Քաղավիացիայի գործառույթը թռիչքային անվտանգությունն ապահովելն է, իսկ չվերթների հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կավել ավիափոխադրողների հետ։

Ավելի վաղ որոշ չվերթներ կրճատելու մասին հայտարարել էր նաև Ryanair բյուջետային ավիաընկերությունը. ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշում էին, որ արդեն Երևանից Հռոմ թռիչքի չեղարկման վերաբերյալ նամակներ են ստացել: