4 մարտի 2020 - 18:23 AMT
«Կոմերսանտ». Քոչարյանի դատը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ նշելով, որ այն կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները:

Վլադիմիր Սոլովյովի հեղինակած «Ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի փակվել» հոդվածում ասվում է, որ Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկեր լինելու հանգամանքը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայ-ռուսական հարաբերություններում «առանցքային գրգռիչներից» մեկը:

Մանրամասն անդրադառնալով դատավարության ընթացքին՝ թերթը գրում է. «Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործ չէ: Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է ՌԴ նախագահ Պուտինի հետ սերտ բարեկամական հարաբերություններ ունեցող քաղաքական գործչի հանդեպ այս աղմկահարույց գործընթացին: Երբ 2018-ին դատավարությունը սկսվեց, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին այն առումով, որ վերջիններս մտադիր չեն իրենց նախորդների քաղաքական նկատառումներով հետապնդումներ կազմակերպել»։

Նշվում է՝ հատկանշական է, որ երբ Քոչարյանի դեմ քրգործ հարուցվեց, Պուտինը զանգահարեց նրան և շնորհավորեց ծննդյան օրվա առթիվ:

«Իսկ 2019-ի հոկտեմբերին, երբ Երևանում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստն էր, ՌԴ նախագահը հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին, և նրա որդուն՝ Լևոնին: Հանդիպումը Երևանում ՌԴ դեսպանատանն էր և բոլորի կողմից մեկնաբանվեց որպես աջակցության դրսևորում»,- ասվում է հոդվածում:

Կրեմլում «Կոմերսանտի» իրազեկ աղբյուրի խոսքերով, ռուսական կողմը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ դատավարությունը համարում է քաղաքական:

«Ըստ նրա՝ Մոսկվան բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել Հայաստանի իշխանություններին: «Կոմերսանտի» զրուցակիցը նշել է, որ եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության մեջ չկարգավորվի, ապա նրա կալանքը կարող է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների ամենաակտուալ հարցերից մեկը դառնալ»,- ասվում է հոդվածում:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008-ի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Առաջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2018-ի ամռանը, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, ավելի ուշ ազատվել է կալանքից, հետո կրկին կալանավորվել, կրկին ազատ արձակվել և կրկին կալանավորվել արդեն 2019-ի հունիսին: