4 մարտի 2020 - 18:15 AMT
ՀՀ և Վրաստանի քաղաքացիները սահմանը կհատեն ID քարտով

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են փոխայցեր կատարել ID քարտերով, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր, որը ենթադրում է, որ երկու երկրի քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելումուտ անել:

Վրաստանը դառնում է առաջին պետությունը, որի սահմանը հատել ՀՀ քաղաքացին կարող են ID քարտով: Հայաստանը 2017-ին Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորություն էր տվել այցելել երկիր ՌԴ ներքին անձնագրերով: