Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ Առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020-ին կավելանա 1.9 մլրդ դրամով, որոշել են Կառավարությունում:
Առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության բարելավման նպատակով մշակված 2020-2023թթ. միջոցառումների ծրագրով նախատեսվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ անպտղության բուժման և խնդրի հաղթահարման:
Ներկայումս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգ Հայաստանում անպտղություն և նպատակային միջամտության կարիք ունի: 2019-ին պետբյուջեով անպտուղ զույգերի բուժման և հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ՝ շահառուների թիվը կեռապատկվի. ակնկալվող արդյունքը` առնվազն 350 նորածնի ծնունդ:
ԱՆ-ից հայտնում են, նախատեսվում է ներմուծել առողջության հավաստագիր նոր ամուսնացող զույգերի համար, որը կարող է տրվել նրանց ամուսնանալու դիմում ներկայացնելիս` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունում:
Հավաստագրով ամուսնացող զույգը կստանա առողջ վերարտադրության ապահովման, մինչ հղիութունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ:
Ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիաների գնահատում, ախտաբանական շեղումների վաղ հայտնաբերում և բուժում, անպտղության նվազեցում, ինքնաբեր վիժումների, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերությունների քանակի նվազեցում մինչև 10%, որի արդյունքում առնվազն 250 երեխայի ծնունդ կգրանցվի:
Նախարարությունից հայտնել են նաև, որ ընդլայնվել է դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակը:
Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի հետազոտություն, ըստ ցուցումների նաև` հորմոնների:
Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում` առնվազն 5%-ով, ինչը վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան մոտ 150 ծնվող երեխա:
Կառավարության հավանությանն արժանացած նախագծով՝ կբարելավվի նաև հղիների նախածննդյան հսկողությունը՝ իրականացվող սքրինինգների շրջանակն ընդլայնվել է: