6 մարտի 2020 - 13:07 AMT
Ջաղինյանների ընտանիքն այլևս վթարային տանը չի ապրի

Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ լուծվել է ևս մեկ ըտանիքի՝ Ջաղինյանների տան խնդիրը:

Ստեփանավանում ապրող ընտանիքը փորձություների միջով է անցել: 11 տարի առաջ ամուսնուն կորցրած երիտասարդ կինը՝ Արմինե Մանուկյանը, 5 զավակ է մեծացրել: 15 տարի առաջ գնված տունը դարձել է վթարային և փլուզման իրական վտանգի տակ էր: Հարևանությամբ կառուցված պատակից տները երեք տարի առաջ քանդվել են, և կանգուն մնացած միակ տան համար փլուզման սպառնալիքը դարձրել ավելի իրական: Փլատակներում մնալ-չմնալու երաշխիքը եղել է փայտյա գերաններից մեկը:

«Այստեղ, զինվորական թաղամասի համար նախատեսված, մեկը մյուսին կպած տներ են եղել: Հարևան տները քանդվել են, մերը մնացել է «օդից կախված»: Միակ պահողը փայտյա գերանն է եղել: Եթե ուժեղ քամու ժամանակ դա էլ ընկներ՝ տունը միանգամից «կիջներ»: Տարիների ընթացքում, ամեն ինչ քայքայվել էր, էլ ոչինչ չկար. ոչ նորմալ հատակ, ոչ պատուհան, ոչ դուռ: Անձրևների ժամանակ, ջուրն առաստաղից կաթում էր: Տաշտեր, դույլեր եմ դրել, որ ջուրը ներս չլցվի: Շատ խոնավ էր: Այստեղ շատ վտանգավոր էր. թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, թե՛ անձրևների ու ձնհալի ժամանակ: Քնելու ժամանակ էլ վախեցել եմ, իսկ առավոտյան մտածել՝ էսօր էլ լուսացրեցինք վտանգավոր պայմաններում»,- ասել է ընտանիքի մայրը՝ Արմինեն:

Ջաղինյանների ընտանիքում ամեն ինչ արդեն փոխվել է: Բանակից վերադառնալուց հետո տղան փորձել է ելք գտնել: Նոր և հուսալի տանիքի տակ հայտնվելու հարցում, նրան աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկեր կազմակերպությունների՝ համատեղ ծրագրի արդյունքում, ընտանիքը սկսել է ձերբազատվել քանդվող տանն ունեցած հիշողություններից և ապրումներից: Հինգ ամիս առաջ Ջաղինյանները նոր բնակարան են տեղափոխվել:

Նոր տան կոսմետիկ հարդարման անհրաժեշտությունն Արմինեն այլևս խնդիր չի համարում: Ընտանիքն այստեղ է նշել առաջին Նոր տարին:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել: