Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում անապաստան շների խնդրի լուծման համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակՀակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ թափառող շները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա:
«Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման»,- գրել է նա:
Քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը:
ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչև ստերջացումն ու պատվաստումը:
«Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում: Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միևնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»,- ասվում է գրառման մեջ:
2019-ից ՀՀ-ում քրեականացվել է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու և այլ միջոցներով: Պատժվում է տուգանքով՝ 100-300,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: