6 մարտի 2020 - 15:26 AMT
ՊԵԿ. ՀՀ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող մեքենաների մասով անելիք չունենք

Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող մեքենաների մասով պետությունն անելիք չունի, Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, գրում է «ՍիվիլՆեթը»:

Այս մասին Անանյանն ասել է ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի այն դիտարկմանը, թե արդյոք պետությունն ինչ-որ բան անում է այդ մարդկանց համար, որոնք արտահանման նպատակով հազարավոր մեքենաներ են ներկրել ՀՀ՝ վարկեր են վերցրել և չեն կարողանում վաճառել մեքենաներն ու մարել վարկերը:

Անանյանը նշել է, որ պետությունն անելիք ունի այն մեքենաների պարագայում, որոնք մարդիկ դեռ չեն հասցրել ներկրել Հայաստան:

«Խոսքը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնց տերերը չեն հասցրել մինչև հունվարի 1-ը դրանք ներկրել Հայաստան, և հիմա ստիպված են նոր կարգով մաքսազերծում անել: Այդ մեքենաների թիվը հասնում է 800-1000-ի»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ այս հարցի կարգավորման համար պետությունը ԵԱՏՄ շրջանակում բանակցություններ է վարում:

ՊԵԿ նախագահը, սակայն, տեղեկություն չի հայտնել բանակցությունների վերաբերյալ:

«Լիազորված չեմ որևէ բան ասելու: Բացի այդ, վերջնական տեղեկություն չունեմ այն մասին, թե բանակցությունները որ փուլ են հասել: Ամեն դեպքում մենք այդտեղ որոշակի կառուցողական պարտականություն ունենք, որը փորձում ենք իրականացնել»,- ասաց նա:

2020-ի հունվարից Ղազախստանի իշխանությունների կիրառած սահմանափակումների պատճառով ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում կտրուկ դանդաղել է: Խնդիրը Հայաստանի առաջարկով քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Հայաստանում 2019-ին, ԵԱՏՄ անդամակցելու արտոնյալ ռեժիմով պայմանավորված, ավտոներկրման բում է գրանցվել: Ոլորտում ներգրավված հայաստանցիների թիվը ոչ պաշտոնական տվյլաներով հասել է 20 000-ի: 2018-ի համեմատ՝ 2019-ին Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ ավելի ավտոմեքենա՝ 189 000։ Այդ մեքենաների հիմնական շուկան Ղազախստանն էր։