6 մարտի 2020 - 16:42 AMT
«իԳործ». Սփյուռքի մասնագետների համար ծրագիր է սկսվում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ նախատեսված սփյուռքահայ մասնագետներին համար: Նրանց հրավիրում են աշխատելու ՀՀ պետական մարմիններում:

Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան:

Ըստ պետօղակների ներկայացրած մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն ՀՀ գրեթե բոլոր նախարարություններում և Կառավարությանն առընթեր մարմիններում: Նրանք իրենց սեփական փորձն ու գիտելիքները կներդնեն համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և ամսական 336,000 դրամ՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 15-ը լրացնել հայտադիմումը:

Ծրագիրը նպատակ ունի նպաստելու պետկառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը: