7 մարտի 2020 - 15:28 AMT
Փետրվարին ՀՀ-ից Վրաստան այցելությունները նվազել են 18,2 %-ով

Թեև 2020-ի փետրվարին զբոսաշրջիկների այցերը Վրաստան ընդհանուր առմամբ աճել են 4%-ով, ՀՀ-ից Վրաստան այցելությունների քանակը նվազել է 18,2%։

2019-ի փետրվարի համեմատ Հայաստանից 12,700-ով քիչ մարդ է այցելել Վրաստան (57,342):

ՌԴ-ից Վրաստան այցելողների թիվը նույնպես կրճատվել է՝ 25 %-ով, գրում է Bizzone-ը։

Փոխարենն աճել են այցելությունները Թուրքիայից՝ 3,8%-ով (63, 925 այցելու) և Ադրբեջանից՝12,8%-ով (94,219 այցելու)։

Ընդհանուր առմամբ, փետրվարին Վրաստան 257,500 օտարերկրացի է այցելել զբոսաշրջության նպատակով։

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է: Այդ տվյալները ներկայացվել են երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը, որը նվիրված էր նոր վարակի պատճառով ստեղծված իրավիճակին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10-ի։ COVID-2019 տիպի վիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոն։ Նա վարակվել է Իտալիայից եկած աշխատակցից, որը հոսպիտալացվել էր ավելի վաղ։

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը: