7 մարտի 2020 - 18:10 AMT
ԿԱՐԾԻՔ
«Հայեցի սեքսիզմ». Երբ միայնակ հայրը հերոս է, իսկ մայրը՝ պոտենցիալ անբարոյական, որին «կարելի է սպանել»

Պատկերացնենք մի իրավիճակ: Դիցուք. կա մի 38 տարեկան տղամարդ, որի կինը մահանում է, և նա մնում է 8 տարեկան դստեր հետ: Սակավաթիվ հարազատները երես են թեքում, ոչ մեկ չի օգնում հաղթահարել խնդիրները, տղամարդը միայնակ ստանձնում է երեխային խնամելու ամբողջ բեռը՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական: Ո՞վ է այդ տղամարդը: Իհարկե, հերոս:

Ենթադրենք, մի 5 տարի անց տղամարդու կյանքում հայտնվում է մի երիտասարդ կին, թող լինի 28 տարեկան: Դե հո ամբողջ կյանքում միայնակ չէր մնալու, չէ՞. երեխային էլ մայր է պետք, կյանքը շարունակվում է, պետք է առաջ գնալ:

Չմոռանանք նաև ֆիզիկական պահանջների մասին. ինչ լավ է, որ երիտասարդ կնոջ է գտել, ի վերջո` խոսքը 43 տարեկան առույգ տղամարդու մասին է: Ո՞վ է այդ տղամարդը: Իհարկե, նորմալ՝ իր և երեխայի ապագայի մասին մտածող ադեկվատ մարդ, որը փորձում է դասավորել իր կյանքը:

Բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ երիտասարդ կինն այդքան էլ լավ մարդ չէ. չի հարգում տղամարդուն, նվիրված չէ, շահագործում է նրան, միայն փողի ու սեքսի համար է հետը, երեխային էլ չի սիրում, վատ է վերաբերվում: Բայց դա հենց այդպես միանգամից չի պարզվում, այլ աստիճանաբար, երբ տղամարդն արդեն մեծ կախում ունի այդ կնոջից: Ո՞վ է այդ տղամարդը: Իհարկե, հանգամանքների զոհ, վատ կնոջ կողմից խաբված, կյանքից հիասթափված խեղճ մարդ, ով հանդիպել է հերթական անարդարության:

Մի օր էլ այդ կինը գալիս է տղամարդու տուն, հերթական վեճը սարքում, վիրավորում, անպատվում, վերջում էլ վերցնում դանակն ու սպանում նրան, իսկ հորը փրկել փորձող աղջնակին՝ վիրավորում:

Ո՞վ է այդ տղամարդը: Իհարկե, մարդասպանի զոհ, մարդ, ում բախտը չի բերել, ում հետ ճակատագիրը դաժան է վարվել:

Իսկ հիմա վերադառնանք իրականություն։ Պատկերացնենք, որ 43 տարեկան տղամարդու փոխարեն խոսքը գնում է այդ տարիքի կնոջ մասին ու հիշենք Գյումրու դեպքը, որն արդեն 2 օր հանգիստ չի տալիս հանրությանը:

Հայաստանում հազարավոր կանայք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին: Բայց նրանց ոչ ոք չի հերոսացնում, հասարակության համար բնական է, որ կինը պետք է զոհաբերի իր կյանքը, անձնականը, ապագան և, ինչո՞ւ ոչ` երջանկությունը հանուն երեխայի: Փոխարենը միայնակ մայրերը, հատկապես այն դեպքում, երբ միայնակ են մնացել ամուսնալուծության հետևանքով, գտնվում են հասարակական շատ բարձր ճնշման տակ՝ հաճախ համարվելով պոտենցիալ անբարոյական զուտ այն պատճառով, որ չունեն ամուսին (և կարևոր չէ՝ ինչ պատճառով):

Գյումրու դեպքը ևս բացառություն չէ. մահացած կնոջը ոչ ոք չի հերոսացնում երեխային միայնակ մեծացնելու համար, ոչ մեկ չի ընդունում իր վրա խաչ չքաշելու ու անձնական կյանքն ունենալու նրա որոշումը, ոչ մեկ չի արդարացնում երիտասարդ բոյֆրենդ ունենալու նրա ձգտումը, ոչ մեկ չի համարում նրան հանգամանքների զոհ, փոխարենը ԶԼՄ-ների մեկնաբանություններում տարբեր մարդիկ անվանում են նրան պոռնիկ, որն ուներ երիտասարդ սիրեկան, հանդգնել էր փորձել շարունակել կյանքը, ուներ ինչ-որ ֆիզիկական պահանջներ ու գրեթե միակ մեղավորն էր այս ամբողջ պատմության: Ու կապ չունի, որ նա արդեն մահացել է, որ նրան սպանել են, իսկ դստերը՝ դաժանորեն ծեծել. ըստ ֆեյսբուքյան քոմենթչիների՝ նա գերեզմանում էլ չպիտի հանգիստ մնա, «թող անիծվի, թող այրվի դժոխքի կրակներում»:

Հատկապես ագրեսիվ են կանայք: Թվում է, թե գոնե նրանք պետք է խղճահարությունից կամ կանացի սոլիդարությունից դրդված պաշտպանեն կնոջը, բայց հենց նրանք են առաջին մեղադրողները: Մահացած կնոջն աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելու հիմնական դրդապատճառը ձգտումն է ապացուցել ամբողջ աշխարհին, որ իրենք «ավելի առաքինի են, ավելի երեխապաշտ, ավելի անձնազոհ, ավելի մաքուր, ավելի տուն տանելու, ավելի սեքս չուզող, ավելի օջախի»… Որ իրենք ուրիշ են, այդպիսին չեն, հետևաբար նման վատ բաներն իրենց հետ երբեք չեն լինի, չէ՞ որ, ինչպես կասեր դասականը, «բարի մարդկանց էդ վատ բաները չեն կպնում»: Ինքնախաբեության այս ձևը մի յուրովի պաշտպանական մեխանիզմ է՝ շատ նման «ջայլամի» մեթոդին:

Կարող ենք փորձել արդարացնել այդ մարդկանց՝ ասելով, որ գուցե անկիրթ են, գուցե՝ հիմար: Բայց զոհին մեղադրելու փորձեր են անում նույնիսկ կրթվածները, նույնիսկ մեկ պատգամավոր կա, որ համարում է, թե ճիշտ չէ անմեղ համարել մի կնոջ, ով «գրեթե իր երեխայի հասակի տղայի հետ կապ է հաստատել»:

Հարգարժան պատգամավորը, իհարկե, ասում է, որ չի արդարացնում հանցագործին, բայց արդյո՞ք զոհին մեղադրելը փորձ չէ մեղքի մի մասը սպանողից սպանվածի վրա տեղափոխելու: Եվ արդյո՞ք վտանգավոր պրակտիկա չէ առաջ բրդել այն թեզը, որ «եթե չանեիր այսինչը, գուցե քեզ չսպանեին»:

Վերջերս հաճախ է խոսվում սեքսիզմի մասին: Ոմանք հասկանում են, որ դա լուրջ խնդիր է Հայաստանում, ոմանք չգիտեն էլ այդ բառի իմաստը, բայց համարում են այն «ոչ հայեցի», քանի որ մեջը «սեքս» կա, ոմանք ասում են, որ դա մտացածին արհեստական խնդիր է, որն առաջ է քաշվում ինչ-որ անհայտ «սորոսական» ուժերի կողմից: Հիմա նորաձև է յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում հիշել Սորոս պապիկին:

Բայց սեքսիզմ կա, և դրա վառ ապացույցն այս տեքստում ներկայացված միևնույն պատմություններն են՝ հակառակ սեռի հերոսներով: Եթե չեք կողմնորոշվում, թե որևէ հարցում մարդիկ դատողություններ անելով՝ առաջնորդվում են սեքսիզմով, թե` ոչ, պարզապես գլխավոր հերոսների սեռերը փոխեք. եթե փոխվեց նաև մարդկանց վերաբերմունքը, ուրեմն գործ ունենք #սեքսիստ_խոզերի հետ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net