9 մարտի 2020 - 11:42 AMT
ՌԴ-ում դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են նավթի գնի անկման ֆոնին

Նավթի համաշխարհային գների 30%-ից ավելի անկման ֆոնին Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու փոխարժեքը։ Դոլարի փոխարժեքը միջազգային արժութային շուկայում բարձրացել է 68-ից մինչև 72 ռուբլի, եվրոյինը՝ 77-ից՝ 82 ռուբլի, փոխանցում է ՌԲԿ-ն:

Bloomberg-ի տվյալներով՝ դոլարը վաճառվում է 72,4 ռուբլիով, եվրոն աճել է մինչև 82,37:

Մարտի 9-ի դրությամբ, Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար արժե $35: Նախորդ գործարքների ավարտին Brent-ի մեկ բարելն արժեցել է $46:

Վերջին անգամ նավթն այսքան էժան է եղել 2016-ի հունվարին: Ըստ կանխատեսումների՝ մեկ բարելի համար Brent-ի գինը կարող է իջնել մինչև $20:

ՌԴ-ի Կենտրոնական բանկի ռիսկային սցենարի համաձայն, եթե 1 բարել նավթի գինը նվազի $25–35, ապա 2020-22-ին Ռուսաստանի տնտեսությությունն անկում կգրանցի, ընթացիկ տարում ՀՆԱ-ն կնվազի 1,5-2%:

Ըստ ՀՀ կենտրանական բանկի՝ դոլարը մարտի 9-ի դրությամբ ՀՀ-ում արժե 479 դրամ 82 լումա է (աճել է 22 լումայով), իսկ եվրոն՝ 541 դրամ 96 լումա (աճել է մոտ 6 լումայով): ԿԲ-ի տվյալով՝ մեկ ռուբլու արժեքը մոտ 7 դրամ է (նվազել է 0.22 լումայով):