Երևանում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ծրագրի առաջին փուլին միացած բուժկազմակերպություններն են՝ Էրեբունի ԲԿ-ն (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
«Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝ երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, ամուսնության պետական գրանցում: Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականն անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին»,-ասվում է նախարարի գրառման մեջ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած այս ծրագիրը շարունակական է լինելու և փուլ առ փուլ կտարածվի հանրապետությունում ծննդօգնություն տրամադրող բոլոր բուժկազմակերպություններում:
Հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 300,000 դրամ։ Որոշումը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: