9 մարտի 2020 - 14:10 AMT
Անկարայում Իդլիբի շուրջ կբանակցի ՌԴ ռազմական պատվիրակությունը

Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը մարտի 10-ին կժամանի Անկարա՝ սիրիական Իդլիբի շուրջ ռուս-թուրքական համաձայնագրի իրականացման հարցով բանակցելու: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքքարը հայտարարել էր, որ ՌԴ պատվիրակությունն Անկարայում քննարկելու է Իդլիբում նախատեսվող ռուս-թուրքական համատեղ պարեկությունը, որը պետք է մեկնարկի մարտի 15-ից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում տևական բանակցությունների արդյունքում պայմանավորվել են դադարեցնել կրակն Իդլիբում և համաձայնեցրել Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հուշագիրը:

Ավելի վաղ թուրք նախարարը hայտարարել էր Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զինուժի նոր ռազմական գործողության՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին: Հայտարարությունը հաջորդել էր փետրվարի 27-ին Իդլիբում թուրքական զինուժի զգալի կորուստներին՝ Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող:

Photo. Ria Novosti