9 մարտի 2020 - 15:16 AMT
Քոչարյանին ստացիոնար բուժում է նշանակվել. «Էրեբունի» ԲԿ-ում է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նշանակվել է ստացիոնար բուժում։ Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր, հավանաբար, ստացիոնար բուժման տակ կգտնվի», - ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով առողջական խնդիրները։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։

«Մարտի 1»-ի գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից: