31 հուլիսի 2002 - 23:01 AMT
ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴԻՄԵԼ 120 ՄԱՐԴ
Վերջին ժամանակներս ապաստան տրամադրելու խնդրանքով Հայաստանի կառավարությանն է դիմել 120 մարդ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, հիմնական պատճառների թվում դիմողները նշում են քաղաքական եւ կրոնական հայացքների անհամապատասխանությունը, էթնիկ ծագումը: Գ. Եգանյանը նշել է, որ ներկա դրությամբ բավարարվել է միայն վեց խնդրանք, մյուսները մերժվել են: Վարչության պետի խոսքերով, ապաստան ստանալու խնդրանքով դիմում են Իրանի, Եգիպտոսի, Սոմալիի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ: