Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող ՀՀ կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից մուտք գործած 857 վարորդի (որից 228-ն՝ Իրանի քաղաքացի) հանդեպ սահմանվել է հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը:
Իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվել է ըստ բնակության վայրի, ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են ոստիկանության ուղեկցությամբ և ԱՆ մասնագետների պարբերաբար հսկողությամբ:
Շարունակվում է պետսահմանի անցակետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան):
Մարտի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված 211 հետազոտություն է իրականացվել՝ 1 դրական արդյունքով:
Երևանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները, ովքեր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ հոսպիտալային պատրաստվածության և լաբորատոր հետազոտությունների գնահատում են իրականացնելու:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ձևավորվել է «Օպերատիվ զանգերի կենտրոն», հեռախոսահամարը` 060 83 83 00, որն աշխատում է շուրջօրյա:
Մարտի 10-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 113,000 է, նրանցից մոտ 80,000-ը Չինաստանում են: Վիրուսից աշխարհում մահացել է մոտ 4024 մարդ, ևս 64,000-ը ապաքինվել են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա: Խորհուրդ է տրվում կորոնավիրուսից խուսափելու համար հաճախ լվանալ ձեռքերը, պահել հիգիենայի կանոնները և չդիպչել դեմքին, քթին, բերանին: