Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է նիստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, տեղեկացնում է Shantnews-ը:
Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
ԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։
Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին։
Քոչարյանը մարտի 8-ին ուշ երեկոյան տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» ԲԿ։ Ըստ փաստաբանի՝ նշանակվել էր ստացիոնար բուժում:
Մարտի 1-ի գործով նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից: