10 մարտի 2020 - 17:09 AMT
Դեսպանություն. Հունաստանում ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք կապվել մեզ հետ

Հունաստանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը, հորդորում է այդ երկրում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում են նաև տեղեկություն տրամադրել իրենց մասին՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր / նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) armgreeceembassy@mfa.am էլ.փոստին:

«Նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունաստանում կորոնավիրուսով հիվանդ 84 մարդ կա: 56 դեպքը կապված է Եգիպտոս և Իսրայել ուղևորությունների հետ: 57 վարակվածի ինքնազգացողությունը բավարար է, նրանք բուժվում են տան պայմաններում: Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդների թիվը կարող է աճել:

Ավելի քան հազար մարդու ներկայություն ենթադրող մշակութային և մարզական միջոցառումները Հունաստանում չեղարկվել են: Չեղարկվել է մարտի 22-ին կայանալիք Աթենքի մարաթոնը: