11 մարտի 2020 - 14:43 AMT
Փաշինյանը ներողություն է խնդրել կուրթանցի Մեխակից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ներողություն է խնդրել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից:

Կուրթանցի Մեխակ Առաքելյանը մարտի 7-ին դիմել էր քարոզարշավի շրջանակում իրենց գյուղ եկած վարչապետին՝ հայտնելով իր բնակարանային խնդրի մասին: Փաշինյանն ասել էր, որ առողջ տղամարդը մեկ այլ առողջ տղամարդու չի դիմի իր տան հարցով:

«Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու»,- ասել էր Փաշինայնը:

Փաշինյանը նշել է, որ ուզում է վերլուծել իր գործողությունները՝ հասկանալու, թե ինչ-որ բան սխալ է ասել կամ արել:

«Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ թույլ եմ տվել: Առաջինը՝ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում էր վարչապետի հետ, կարող էր կաշկանդվեր ասել՝ իր առողջական վիճակի մասին: Իմ այս երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել: Ես ասել եմ, որ մարդ ենք, սխալական ենք, բայց նենգ ու անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի հետ հանդիպումից հետո համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Մեխակ Առաքելյանը պատմում էր իր առողջական խնդիրների, բնակարանային հարցի մասին:

Վարչապետը նշել է, որ երիտասարդն ու նրա ընտանիքը հանրության համընդհանուր ուշադրության կենտրոնում են և ինքը հույս ունի, որ նրանց տրվող աջակցությունը կլինի «զարգացման աջակցություն»: