11 մարտի 2020 - 16:48 AMT
Գյումրին՝ գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի Forbes-ի ցանկում

Forbes-ը Գյումրին ներառել է գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում: Նշվում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը, որտեղ 1988-ին աղետալի երկրաշարժ է եղել, սկսում է ավելի քիչ ասոցացվել աղետի հետ:

Նշվում է նաև, որ Գյումրի կարելի է հասնել բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հունաստանից և Գերմանիայից:

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար՝ խիստ ձմեռն արդեն հետևում է, իսկ քաղաքը պատրաստվում է Զատկի տոնին, որը նշում են փլավով և հյութեղ մրգերով»,- ասվում է հոդվածում:

Ասվում է նաև, որ Գյումրիում հաճելի սրճարաններ կան իրենց ուրույն դիզայնով, խանութներ, եզակի ճարտարապետությամբ տներ: Նշվում է նաև, որ գյումրեցիները հայտնի են իրենց հումորի զգացումով:

Պարբերականն անդրադառնում է նաև տեղի ուտեստներին՝ խորհուրդ տալով փորձել պանրախաշը, համեղ թեյ համտեսել տեղի սրճարանում: