11 մարտի 2020 - 19:20 AMT
Փաշինյանը հանրաքվեի հռչակագրի նախագիծ է հրապարակել. «Մինչև 2018-ը որևէ ընտրություն ժողովրդի կամքը չի արտահայտել»

ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը։

«2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն թեման, որ անհրաժեշտ է նախորդ շրջանի իշխանությանը տալ քաղաքական գնահատական։ Այժմ ստեղծվել է հանրաքվեի հռչակագիր, որով կտրվի քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին»,- գրել է Փաշինյանը։

Հռչակագրի նախագծի առաջին կետով նշվում է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը, բացի 1999թ. խորհրդարանական ընտրություններից, մնացած բոլոր համապետական ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։

«Իսկ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը»,- գրել է նա։

Ըստ վարչապետի ներկայացրած վեցկետանոց հռչակագրի՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա է եղել մինչև 2018-ը: Հռչակագրով նա արձանագրել է նաև, թե ՀՀ-ում պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստությունը պետք է վերադարձվի պետական գանձարան, երկրում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ:

«2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»,- ասվում է հռչակագրի նախագծում:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: