12 մարտի 2020 - 14:39 AMT
Վարչապետ. Քարոզարշավը կդադարեցվի, եթե անհրաժեշտ լինի

Վայոց Ձորի Զառիթափ համայնքում Սահմանադրական հանրաքվեին ընթառաջ «Այո»-ի քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում այն կդադարեցնի։

«Որևէ քաղաքական նպատակ չի կարող լինել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը։ Եթե մենք կզգանք, որևէ բան էն չի, չենք թողնի որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի, այդ մասին կիրազեկենք»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը:

Վարչապետը ներկաներին հորդորել է հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին, լինել զգոն, բայց խուճապի չմատնվել։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իր հերթին, անդրադառնալով շարունակվող քարոզարշավի նպատակահարմարությանը, ասել էր, որ որոշումները կայացվում են ժամային ռեժիմով, ցանկացած պահի կարող է այլ որոշում կայացվել և չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում լինի, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված:

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Վարակակիրները վերադարձել էին Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, որն աշխատում է ՀՀ-ում: Վարակվածների հետ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: