12 մարտի 2020 - 14:45 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների հետ շփված 57 մարդ է մեկուսացվել

Հայստանում կորոնավիրուսով3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ է մեկուսացվել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մարտի 11-ին հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրները վերադարձել էին Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, որն աշխատում է ՀՀ-ում:

Լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Էջմիածնում վարակակիրներից մեկը մասնակցել է որդու նշանադրությանը, որին, ըստ որոշ տվյալների, 30-ից ավելի մարդ էր ներկա:

Մարտի 12-ին Թորոսյանը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հենց այս դեպքը, նշել էր, որ վարակակիրներից միայն մեկի շփման շրջանակն է մեծ՝ մոտ 50 հոգի, և աշխատանքներ են տարվում այդ քաղաքացիներին մեկուսացնելու համար:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարանը, իր հերթին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ քաղաքում միջոցառումներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ բացառապես սերտ շփում ունեցած անձանց մեկուսացնելու համար: Քաղաքապետն այսպիսով փորձել էր բացատրել, թե ինչու են քաղաքում շտապօգնության և ոստիկականական մեքենաները սովորականից ավելի շատ:

Գասպարյանը նաև նշել էր, որ ինքը չեղարկում է Զվարթոցում կայանալիք «Այո»-ի քարոզարշավը, իր կարգադրությամբ՝ կփակվի նաև սպորտդպրոցը: