12 մարտի 2020 - 18:16 AMT
Մարտի 15-ին Իտալիայից վերադարձող քաղաքացիները 14-օրյա կարանտին կուղարկվեն

Մարտի 15-ին Իտալիայից վերադարձող քաղաքացիները 14-օրյա կարանտին կուղարկվեն: Նման որոշում է կայացվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կառավարությունում անցկաված ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում:

Քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ տարբերակներ առաջարկել տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

«Կարծում եմ՝ պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը, հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել, և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, պետք է որոշումներ կայացնենք», - ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրները վերադարձել էին Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, որն աշխատում է ՀՀ-ում: Հայստանում կորոնավիրուսով 3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ մեկուսացվել է: