12 մարտի 2020 - 18:48 AMT
ՊՆ մամուլի խոսնակ կին է նշանակվել

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ է նշանակվել Շուշան Ստեփանյանը, ասվում է գերատեսչության կայքում։

Ստեփանյանը զինվորական կոչումով մայոր է։ Նա ծնվել է 08.08.88 թ.՝ Հադրութում։ Հայրը` Շահեն Ստեփանյանը, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր, հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2005-2009 թթ. Ստեփանյանը սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2007-2009 թթ. աշխատել է «Հետք» պարբերականում` որպես հետաքննող լրագրող։

2009-ին ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես ՊՆ «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժնի թղթակից, 2013-ին՝ մշակույթի և հասարակայնության կապերի բաժնի, իսկ 2015-2016-ին՝ զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր. 2017-ին նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետն էր, 2018-ին՝ «Զինուժ Մեդիայի» մամուլի բաժնի թղթակից։

2019-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում։

Պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» , «Ծ.Հ.Ս. Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, պատվոգրերով: