12 դեկտեմբերի 2008 - 17:48 AMT
Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի տնօրեն
Թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության խնդրի հետազոտությունների հեղինակ Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Կլարկ համալսարանի ցեղասպանությունների եւ Հոլոքոստի հետազոտման կենտրոնի ղեկավար: «Դեռեւս 1976թ., երբ ես դասավանդում էի Թուրքիայում, երազում էի մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ եւ դառնալ փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Ինձ ձերբակալեցին, եւ իմ կյանքը փոխվեց, բայց ես հավատարիմ մնացի իմ նպատակին: Եւ այսօր ես շատ ուրախ եմ իմ նշանակմանը, քանի որ իմ երազանքն իրականացել է: Իմ հիմնական նպատակն այս պաշտոնում ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետների նախապատրաստումն է»,- հայտնել է Աքչամը:

Այն փաստը, որ Թաներ Աքչամը, հանդիսանալով ազգությամբ թուրք, վարելու է նաեւ Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ, որոշակի շրջաններում վեճերի պատճառ է դարձել, բայց ինքը` պատմաբանը դա որպես նորմալ երեւույթ է ընդունում, հաղորդում է Armenian Mirror Spectator հրատարակությունը:

Թաներ Աքչամը Թուրքիայից գաղթել է 1978թ.` դառնալով առաջին քաղաքական գաղթականը: Նա տեղափոխվեց ԱՄՆ եւ մինչեւ 2002թ. դասավանդում էր Միննեսոտայի համալսարանի պատմության ֆակուլտետում: Վերջին անգամ նա Թուրքիա է այցելել 2007թ., որպեսզի մասնակցի իր մտերիմ ընկեր, հայ-թուրքական «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը: