13 մարտի 2020 - 13:07 AMT
Գաֆէսճեանը սահմանափակում է հանրային ծրագրերը. Մարտի համերգները չեղարկվում են

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը՝ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով: Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես, մարտի 13-ին կայանալիք «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը, ինչպես նաև առաջիկա կրթական ծրագրերն առայժմ հետաձգվում են:

Չեղարկվում են նաև Կենտրոնի մարտ ամսվա համերգային ծրագրերը. մարտի 14-ի «Կադանսը», մարտի 21-ի «Ալեակ» Ֆոլկ եռյակի համերգն ու մարտի 27-ի «Ժամանակի հորիզոններ» համերգը:

Առայժմ չի գործի նաև ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը:

Անձնակազմն անում է ամենը՝ Կենտրոնի տարածքը բոլորի համար հնարավորինս անվտանգ դարձնելու:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակարի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 13-ին վարակի հաստատված դեպք ունեցող 3 քաղաքացուց մեկի հետ: Երեք քաղաքացին վերադարձել էին Իտալիայից: Ավելի վաղ՝ մարտի 1-ին հայտարավել էր ՀՀ-ում առաջին վարակակրի մասին, քաղաքացին վերադարձել էր Իրանից:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից