Իտալիայից Էջմիածին վերադարձած և կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին թաքցրել է ջերմություն ունենալու փաստը ու մասնակցել հարազատի նշանադրությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էջմիածին վերադարձած քաղաքացու և ևս 2 հոգու մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 11-ին, մեկ օր անց՝ այդ քաղաքացու ընտանիքի երկու անդամի մոտ ևս հաստատվել էր վիրուսը:
Վարչապետը նշել է, որ փաստացի մեկ ընտանիքի 3 անդամ վարակվել է կորոնավիրուսով, մեկ գերդաստան մեկուսացվել է:
Փաշինյանը նաև դեպքից մանրամասներ է պատմել.
«Քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձր լինելու հանգամանքը, այլև ընտանիքից, քանի որ մեր հասկանալի ավանդույթի համաձայն շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը: Ըստ էության նաև, եթե շատ կոպիտ ասենք, այդ ընթացքում կաթիլային է ընդունում և, կոպիտ ասած՝ «սիստեմայի տակից» դուրս գալով, վճռական որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրության արարողությանը՝ այդ ընթացքում շփվելով վարսավիրի, ոսկերչի հետ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դեպքը պատմում է իրավիճակը վերլուծելու, ոչ թե որևէ քաղաքացու մեղադրելու կամ վերապահում ներկայացնելու համար:
Փաշինյանը նշել է, որ նշանադրության մասնակիցները՝ այդ թվում վարսավիրն ու ոսկերիչը, մեկուսացված են:
«Մենք, ըստ էության, ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան և ամուսինն արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները՝ այդ թվում վարսավիրը, ոսկերիչը՝ մեկուսացված»,- պատմել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այս դեպքը կանխարգելելու միակ տարբերակը անհատի, մարդու անհատական պատասխանատվությունն է:
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 6 դեպք կա:
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից