13 մարտի 2020 - 15:05 AMT
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը, ինչպես նաև դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով հիմք ընդունելով Կառավարության կոչը:

Ելնելով վիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ևս չեղարկել է մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները:

Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:

Հետաձգվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը:

Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն: