13 մարտի 2020 - 15:38 AMT
Թորոսյան. Կորոնավիրուսով վարակվածներից 1-ի մոտ է թոքաբորբ

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 5-ն իրենց լավ են զգում և լուրջ սիմպտոմներ չունեն, 1-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը:

Նախարարը հավելել է, որ թոքաբորբով հիվանդի առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: Նա նշել է, որ մարտի 12-ից համապատասխան քայլեր են իրականացվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և մեկուսացնելու ուղղությամբ:

Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի և բուժպարագաների դեֆիցիտ պետությունը չունի, նաև դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ կա, որի միջոցով էլ բուժհաստատությունները համալրվում են: Միաժամանակ, նշվել է, որ քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ:

Նախարարն ընդգծել է, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դա պետք է անի այն մարդը, ով հիվանդության ախտանիշեր ունի, նաև նա, ով շփվում է հիվանդի հետ:

Թորոսյանը տեղեկացրել է, որ մարտի 13-ին կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին մեկուսացված անձին և մեծ է հավանականությունը, որ արդյունքները լինեն բացասական, այսինքն` նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվի:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից