ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ որոշել է մեկուսանալ Սևանում, նրանք մարտի 14-ին կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել են Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրերից հետո:
Չնայած այդ լուրը հերքվել է և, վարչապետի խոսքով, իրենց վարակվելու հավանականությունը գրեթե զրոյական է, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհուրդ է տվել թեստ հանձնել՝ ապահով զգալու համար:
«Մենք եկանք Սևանում մեկուսանալու և առաջին գործողությունը, որ արեցինք` ջերմությունը չափելն էր, հերթական անգամ ուրախացանք, որ ջերմություն չկա»,-ասել է վարչապետը:
Մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի կնոջ հետ: Բրազիլիայի նախագահի խորհրդականներից մեկի մոտ վիրուսը հաստատվել է:
Փաշինյանը մանրամասներ է հայտնել նաև ՀՀ-ում կորնավիրուսի տարածվող դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ վիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարը յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է:
Մարտի 13-ի դրությամբ՝ 13 հաստատված դեպք կա ՀՀ-ում:
Փաշինյանը նշել է, որ եթե Էջմիածնում վարակված կինը հետևեր առողջապահության նախարարության ցուցումներին և չթաքցներ ջերմություն ունենալու փաստը, ՀՀ-ում այսօր 13-ի փոխարեն 6 դեպք կլիներ: Վարչապետի խոսքով՝ վարակված կինը հրաժարվել է ջերմաչափվել, հաշվառումից հետո նրանց տուն են այցելել բժիշկները, նա հավաստիացրել է, որ բողոք չունի: Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ էջմիածինը և քաղաքը պետք է պահել ուշադրության կենտրոնում: Վարչապետի խոսքով՝ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոն, կինո, հանրային այլ վայրեր այցելությունները: Վարչապետը նշել է նաև, որ արդարադատության նախարարության հետ քննարկվում է, ինչպես անել, որ իրավական լծակներ մշակվեն, որ վարակիչ հիվանդությունների դեպքում ժամանակին բժշկի չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող են հանգեցնել որոշակի պատասխանատվության:
Այս պահին էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրել` կորոնավիրուսի կասկածանքով։