14 մարտի 2020 - 14:07 AMT
Քաղաքապետն էջմիածնեցիներին հորդորում է քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված Էջմիածնի բնակիչներին հորդորում են քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այդպիսի կոչով ֆեյսբուքյան իր էջում դիմել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:

Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է»,- ասվում է գրառման մեջ:

Էջմիածնի քաղաքապետը նաև հորդորել է չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և «որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»:

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նախապես մեկուսացվածներից կորոնավիրուսով վարակված ևս 2 անձի մասին։ Այդպիսով Հայաստանում կա 15 հաստատված դեպք։ Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից