15 դեկտեմբերի 2008 - 17:03 AMT
Մոսկվա. Սքինհեդների ավազակախմբի ղեկավարները դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում
Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի դատավճիռ կայացրեց Մոսկվայում ոչ սլավոնական արտաքինով մարդկանց շուրջ երեք տասնյակ սպանություններ եւ հարձակումներ կատարած սքինհեդների խմբավորման ղեկավարների գործով: Կազմակերպիչներ Արթուր Ռինոն ու Պավել Սկաչեւսկին դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանը հաշվի առավ այն, որ հանցագործությունների կատարման պահին նրանք դեռեւս անչափահաս էին:

Մյուս մեղադրյալներին դատարանը դատապարտեց գաղութի 6-20 տարի ժամկետով, հաշվի առնելով նրանց տարիքն ու սպանություններին մասնակցության չափը: Դատապարտյալներից երկուսը արդարացվեցին, քանի որ քննության էպիզոդներից մեկը չհաջողվեց ապացուցել: Ամենամեծ ժամկետը` 20 տարի խսիտ ռեժիմի գաղութում, ստացավ մեղադրյալ Ռոման Կուզինը: Խիստ ռեժիմի գաղութում 12 տարվա ազատազրկման դատապարտվեց Վիտալի Նիկիտինը, որին ձերբակալեցին դատարանի դահլիճում: 9-ական տարի ստացան Իվան Կիտայկինն ու Ալեքսանդր Անիկինը: Գաղութում 6 տարվա ազատազրկման դատապարտվեց հարձակումների եւս մեկ մասնակից` Դենիս Լավրինենկովը: 20-ամյա Սվետլանա Ավակումովան եւ 15-ամյա Նիկոլայ Դագաեւը արդարացվեցին:

Ատենակալների դատարանը Արթուր Ռինոյի բանդային մեղավոր ճանաչեց ոչ սլավոնական ազգության մարդկանց վրա 32 հարձակումների համար դեռեւս դեկտեմբերի 2-ին: Ինը դեռահասներին մեղադրում էին ազգային հողի վրա 20 սպանությունների եւ 12 մահափորձի համար: Ձերբակալման պահին խմբավորման միայն երկուսն էին չափահաս: Հանցավոր խմբավորման կազմակերպիչներ են ճանաչվել 17-ամյա Արթուր Ռինոն եւ նրա հասակակից Պավել Սկաչեւսկին: Սափրագլուխ մարդասպանների խմբում էին նաեւ 18-ամյա Ռոման Կուզինը, Վիտալի Նիկիտինը, Իվան Կիտայկինը, 17-ամյա Ալեքսանդր Անիկինը եւ Դենիս Լավրինենկովը, 20-ամյա Սվետլանա Ավակումովան եւ 15-ամյա Նիկոլայ Դագաեւը:

Քննության ժամանակ Ռինոն 37 սպանություն է խոստովանել, սակայն նրա մասնակցությունը որոշ հանցագործություններին չապացուցվեց: Ինչպես հաղորդեց Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո քարտուղար Աննա Ուսաչովան, ատենակալները ներողամիտ չեղան խմբավորման կազմակերպիչներ Արթուր Ռինոյի ու Պավել Սկաչեւսկու հանդեպ: Մյուս հինգին ատենակալները դատապարտեցին ՌԴ ՔՕ երեք հոդվածներով նախատեսված նվազագույն պատժի:

Ավազակախմբի անդամներին հաջողվեց ձերբակալել հերթական հարձակումից հետո` 2007թ. գարնանը հայաստանցի Կարեն Աբրահամյանի վրա հարձակումից հետո: Ազգայնամոլները նրան հասցրել էին դանակի 20 հարված:

Քննության ընթացքում Ռինոն պատմեց, որ այսպես թե այնպես մասնակցել է 37 մարդու սպանության: Ինչպես գրել է «Վրեմյա նովոստեյ» թերթը, այն հարցին, թե ճանաչում են արդյոք խմբի անդամներն իրենց մեղքը, նրանք պատասխանել են` «առանձնապես ոչ», հաղորդում է Infox.ru գործակալությունը: