ՀՀ կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին արգելել ցամաքային ուղղություններով լքել երկրի տարածքը, օդային եղանակով երկրի տարածքը լքելու դեպքում նրանք վերադառնալուն պես կարանտինային ստուգում կանցնեն, հայտարարվել է գործադիրի՝ կորոնավիրուսի հետ կապված երկրում արտակարգ դրույթուն հայտարարելու մասին նիստի քննարկմանը:
Ըստ որոշման՝ անցակետով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը երկրի տարածք՝ օդով և ցամաքով բոլոր քաղաքացիները կարող են մուտք գործել: Նշվում է, որ անցակետով արգելվում է բոլոր այն քաղաքացիների մուտքը, որոնք ՀՀ տարածք են մտնում առողջապահության նախարարի հրահանգով սահմանաված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից և տարածքներից: ՀՀ-ն չի սահմանափակի նաև իր քաղաքացիների ելքն օդային ճանապարհով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները։
Կառավարության նիստի ընթացքում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկել է արգելել բոլոր օտարերկրացիների մուտքը և սահմանափակել ՀՀ քաղաքացիների ելքը: Ըստ նախարարի՝ դա ավելի կպարզեցնի գործընթացը, իսկ փոփոխվող ցանկ ունենալը կարող է դժվարություններ առաջացնել:
Առողջապահության նախարարը դեմ է արտահայտվել նման կարգավորմանը. Արսեն Թորոսյանի կարծիքով՝ «տոտալ արգելքը» ավելի քիչ ճկունություն կտա, իսկ գործող կարգավորումը հնարավորություն կտա ամենօրյա ռեժիմով աշխատել:
Մնացականյանը նշել է, որ 118 երկրի հետ ՀՀ-ն «լիբերալ ռեժիմ» ունի, այդ երկրների քաղաքացիների ժամանման հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ, եթե արգելք չդրվի:
Կառավարության որոշ անդամներ նշել են, որ համակարծիք են Թորոսյանի առաջարկած ավելի ճկուն սահմանափակումներին, որոնք թույլ կտան ՀՀ չվերթներ իրականացնել և սահմանափակել դրանք՝ կախված չվերթի երկրի համաճարակային իրավիճակից:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, իր հերթին, առաջարկել է արգելքը կիրառել ուղևորափոխադրումների վրա, բեռնափոխադրումների դեպքում՝ իրականացնել անարգել:
Առաջարկ է հնչել նաև արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը՝ պարետի որոշմամբ կիրառելով որոշ սահմանափակումներ:
Թորոսյանը նշել է, որ ԱԳՆ ղեկավարի առաջարկած սահմանափակմամբ՝ նույն ռապիդ թեստերը ՀՀ բերել հնարավոր չի լինի, քանի որ չվերթներ ևս չեն լինի:
ԱԳՆ ղեկավարն առաջարկել է 15-րոպեանոց ընդմիջում: Որոշվել է 1 ժամ ընդմիջել, հարցի մասին Կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից