16 մարտի 2020 - 23:09 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 15 դեպք կա. Վարակակիրները 45-ն են

ՀՀ-ում կորոնավիրրուսի ևս 15 հաստատված դեպք կա, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- նշել է նա։

Իր հերթին, ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ մարտի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ, Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:

Մարտի 16-ի երեկոյան հաստատված կորոնավիրուսի 15 նոր դեպքից 5-ն Էջմիածնից են, ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արտակարգ դրության հայտարարմանը հետևած նիստի ընթացքում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: