The Beautified Project խումբը չեղարկել է ապրիլի 6-ին Երևանում նախատեսված համերգը, քանի որ կորոնավիրուսի հետագա զարգացումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: Այդ մասին ասվում է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելով կառավարության որոշումը, ցավոք, ստիպված ենք չեղարկել ապրիլի 6-ին նախատեսված համերգը: Տոմսերի հետվերադարձի գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրենք տեղեկություն և հեռախոսահամար»,- ասվում է գրառման մեջ։
Հայտնի ռուսաստանցի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, ևս հետաձգվել է:
Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ին Հայաստանն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը երկիրը: