17 մարտի 2020 - 19:00 AMT
Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրվի անապահով ընտանիքներին

Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդն անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը քննարկել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ։

Ձեռք բերված և պահեստավորված սնունդը մարտի 17-ին և 18-ին կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 17-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով հիվանդության հաստատված 72 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է։Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: