18 մարտի 2020 - 10:58 AMT
Ռեստորանի տիրոջ բարեկամները ծեծել են FB-ում խնջույքին չմասնակցելու կոչ արած չարենցավանցուն

Չարենցավանի մի բնակիչ հայտնել է, որ քաղաքի «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն իրեն ծեծել են այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել չմասնակցել տոնական խնջույքի:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Պարետի որոշմամաբ՝ երկրում 20 հոգուց ավելի միջոցառումներ անցկացնել չի կարելի, որոշ բացառություններ կարող են գործել սգո արարողությունների համար: ՀՀ-ում կորոնավիրուսի 78 դեպք կա, մեկը բուժվել է:

«Գրառումիցս հետո 2 հոգի զանգում / գրում էին, որ խոսելու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ամբողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմել է քաղաքացին, գրում է Shamshyan.com-ը:

Նա հայտնել է, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Ավելի վաղ Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացիմից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել էին դեպքի առթիվ տեսանյութ պատրաստած բլոգերի վրա ու ծեծել նրան։