18 մարտի 2020 - 11:30 AMT
Փաշինյան. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մարտի 18-ի առավոտվա դրությամբ մոտ 400 մեկուսացված կա, ևս 799-ն ինքնամեկուսացված են: Փաշինյանն ասել է, որ դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի հետ են կապված:

Վարչապետը նշել է, որ ռիսկային գոտում գտնվողների՝ տարեցների թոշակները կբաժանվեն տանը:

Անդրադառնալով վարակվածների առողջական վիճակին՝ Փաշինյանն ասել է, որ 26-ն ունեն 37-ից բարձր ջերմություն և ընդամենը 6 հոգի՝ 38 և բարձր ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չկա:

Նա նշել է, որ կորոնավիրուսը ՀՀ-ի համար «թեթև սցենարով է անցնում», 60-ից ավելի վարակված ջերմություն չունի: Վարչապետը կարևորել է յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը:

Փաշինյանը հայտնել է նաև, որ այս ընթացքում 700-ից ավելի թեստավորում է իրականացվել և դրանցից միայն 84-ն են հաստատվել:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հիվանդներից մեկն առողջացել է: