18 մարտի 2020 - 13:28 AMT
Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան և հակառակ թռիչքները

Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ, հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից, 23:20-ին) չվերթները, իսկ մարտի 20-ից մինչև մարտի 28-ը չեղարկվել են SU1869 (թռիչքը Երևանից, 02:55-ին) և SU1967 (թռիչքը Երևանից, 04:55-ին):

Բացի այդ, չեղարկվել է ևս 2 թռիչք՝ մարտի 23-ից մինչև 28-ը: Խոսքը Մոսկվայից SU1858 և SU1862 չվերթերի մասին է, իսկ Երևանից՝ SU1859 և SU1863-ի:

Մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են 2 շաբաթով ժամանակավորապես դադարեցնել երկու երկրի միջև չվերթերը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի հաստատված 84 դեպք կա, հիվանդներից մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից