18 մարտի 2020 - 17:54 AMT
Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է

Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին ասվում է մրցույթի Twitter-ի միկրոբլոգում։

Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն կորոնավիրուսի տարածման պատճառով։

Մրցույթը պետք է անցկացվեր հոլանդական Ռոտերդամում։ Քննարկվում է այն 2021-ին նույն քաղաքում անցկացնելու հարցը։

Հայաստանյան պատվիրակը պետք է լիներ Աթենա Մանուկյանը Հունաստանից, Chains On You երգով։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 13-ին։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: