16 դեկտեմբերի 2008 - 15:41 AMT
Թուրք նախկին դիվանագետները բողոքում են Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու դեմ
Մի խումբ պաշտոնից հեռացած դիվանագետներ կտրուկ քննադատության են ենթարկել Ինտերնետում 1915թ. իրադարձությունների առիթով ստորագրահավաքի քարոզչությունը եւ գտնում են, որ թուրք մտավորականությունը չպետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Դիվանագետները հայտարարություն են տարածել, որում թուրք մտավորականների նախաձեռնությունը որակավորում են որպես «աչառու, սխալ եւ ազգային շահերին չարձագանքող»: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել մոտ 60 նախկին դեսպաններ եւ պաշտոնից հեռացած դիվանագետներ: «Դա ոչ գրագետ եւ միակողմանի հայացք է, որը խոսում է սեփական պատմության հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի մասին եւ մատնում է մեր ժողովրդին, որն ահաբեկչական կազմակերպություններից կորուստներ է կրել Օսմանյան կայսրության վերջին օրերին եւ հանրապետության կայացման ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել է Շյուքրյու Էլեքդագը ու Օնուր Օյմենը: Հայտարարության հեղինակները նաեւ հիշեցնում են, որ Հայաստանը մերժել է 1915թ. իրադարձությունների պարզման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը:

Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: