18 մարտի 2020 - 19:34 AMT
150 մլրդ դրամ ՀՀ տնտեսությանը՝ վիրուսի ազդեցության հաղթահարման համար

Կորոնավիրուսի ազդեցությունը հաղթահարելու համար պետությունը ՀՀ տնտեսությանը 150 մլրդ դրամի աջակցություն կհատկացնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։

Ըստ նրա՝ այդ աջակցությունը փաթեթների է բաժանվելու։

Առաջինը կլինի առաջիկա մի քանի օրում։ 25 մլրդ դրամ կհատկացվի ու կուղղվի այն ընկերություններին, որոնք դրամով վարկ կվերցնեն՝ աշխատավարձ ու հարկեր, կոմունալներ վճարելու, հումք ձեռք բերելու համար և այլն։ Վարկի 50%-ը գործադիրը 0%-ով կհամաֆինանսավորի, բանկային հատվածի տոկոսը ևս կսուբսիդավորի, որ վարկը լինի 0 տոկոսով։

Երկրորդը. Կառավարությունը նպատակ ունի գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու, որ դրանք դառնան 0-տոկոսանոց։

Երրորդը 30 մլրդ դրամի սոցիալական հրատապ աջակցության փաթեթ է, որի նպատակն է «թույլ չտալու սոցիալական կարգավիճակի գահավիժում»։

«Դա արվում է հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար»,- նշել է Փաշինյանը

Եւս 80 մլրդ դրամ, (իրականում, ինչպես շեշտեց վարչապետը, անսահմանափակ գումար) կուղղվի իրական նորարար նախագծերի մեջ ներդրնելու համար։

Վարչապետը համեմատել է աշարհի տնտեսությունը կորոնավիրուսից հետո շինհրապարակի հետ, որտեղ պետք է նոր տնտեսություն կառուցել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում կորոնավիրուսի 102 դեպք կա:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից