19 մարտի 2020 - 10:03 AMT
«Ուրվական» փառատոնը հետաձգվում է

Կորոնավիրուսի և ՀՀ-ում արտակարգ դրության պատճառով «Ուրվական» փառատոնը, որն անցկացվելու էր մայիսի սկզբին, չի կարող կայանալ, այն հետաձգվում է։ Այդ մասին ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում։

«Այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ կվերադառնանք մեր կյանքի և գործունեության բնականոն ընթացքին: Մենք կշարունակենք հետևել գլոբալ իրավիճակին և պլանավորել «Ուրվական» փառատոնի անցկացման նոր ամսաթվերը 2020-ին: Փառատոնի չեղարկման պլաններ չկան, այլ միայն հետաձգել անցկացման ամիսը բոլոր մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով: Մենք նպատակ ունենք պահպանել մեր միջոցառման ամբողջ ծրագիրը, եթե արտիստների գրաֆիկը մեզ դա թույլ կտա»,- ասվում է գրառման մեջ։

Շուտով տեղեկություն կհրապարակվի տոմսերի վերադարձի հնարավոր տարբերակների մասին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում վարակի 110 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: